ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բացառել է, որ խմբակցությունը կողմ քվեարկի իշխանության ներկայացրած նոր Սահմանադրության նախագծին՝ ընդգծելով, որ այն, իրենց գնահատմամբ, բերվում է Ադրբեջանի պահանջով։
«Մենք հստակ ասում ենք, որ չենք քվեարկելու մի Սահմանադրության համար, որը բերվում է արտաքին պահանջով, Ադրբեջանի պահանջով։ Սա նախապայման է, և մեզ համար դա անընդունելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հարցը կարելի է քննարկել, սակայն գործող նախաձեռնությունը, իրենց գնահատմամբ, պայմանավորված է Ադրբեջանի նախապայմանով։ Քոչարյանը նաև նշել է, որ գործող Սահմանադրության որոշ դրույթներ չեն գործում, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին հայտարարություններին՝ Քոչարյանն ասել է, որ դրանց անցկացնելու համար Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ Ազգային ժողովը երկու անգամ չընտրի նոր վարչապետ։
«Ուզում է արտահերթ ընտրություն, ուրեմն պետք է հրաժարական տա»,- նշել է նա՝ հավելելով, որ այս պահին նման գործընթաց չկա, ուստի չի ցանկանում գնահատել ընդդիմության շանսերը։
Հարցին՝ արդյոք Փաշինյանը արտահերթ ընտրություններով փորձում է ամրապնդել իր դիրքերը և ձևավորել իր համար ցանկալի ընդդիմություն, Քոչարյանը պատասխանել է, որ դա հնարավոր տարբերակ է։
«Միգուցե ինքը սա տեսնում է որպես մի տարբերակ, որպեսզի հաղթահարի այդ երկրորդի խոչընդոտը»,- ասել է նա։
Քոչարյանը նաև քննադատել է Փաշինյանի՝ պետականակենտրոն ընդդիմություն ունենալու ցանկությունը։
«Ադրբեջանը, Իլհամ Ալիևը Հայաստանում ունի իր իշխանությունը, իր կառավարությունը, փաստորեն նաև հիմա ցանկանում է ունենալ նաև իր ընդդիմությունը։ Ես այսպես եմ գնահատում, ուրիշ ոչ մի կերպ»,- ասել է նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սահմանադրության հարցը չթողնել ժողովրդի որոշմանը՝ Քոչարյանը նշել է, որ վերջին ընտրություններում Փաշինյանը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն և սահմանադրական մեծամասնություն չի ապահովել։
«Սահմանադրական մեծամասնություն չտալով՝ ժողովուրդը այս մասով իր պատասխանը, կարծում եմ, տվել է»,- եզրափակել է նա։