Մեր իշխանության օրոք բազմաթիվ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղական ընտրություններում պարտվել է, այդ թվում՝ այն ժամանակ, երբ համարվում էր ժողովրդականության պիկը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից քաղաքական ճնշումների մասին քննարկումներին, որոնց հետևանքով ՏԻՄ ընտրություններին մասնակցության թիվը փոքր է եղել:
«Դեռ 2018 թվին Կապանում, Աբովյանում մենք մի քանի անգամ պարտվել ենք, Գյումրիում, Մասիսում, Գորիսում: Գորիսում հիմա հաղթեցինք…
Հաջորդը. ձեր ասածի թելը տանում է այնտեղ, որ այն համայնքապետները, որոնք ընդդիմադիր են, նրանք կալանավորվում են: Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ բավականին վերջերս կալանավորվել է Մեղրիի գործող համայնքապետը, որը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է: Նկատե՞լ եք դա: Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն իրեն բռնաճնշո՞ւմ է: Կալանավորվել են «Քաղաքացիական պայմանագրի» նախարարներ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, փոխնախարար, էլի նախարար, քաղաքապետ: Այսինքն՝ արդար չէ, հասկանո՞ւմ եք, մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար»,- ասաց նա:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել:
«Ի՞նչ մեղք ունեմ, որ նրանք ՏԻՄ ընտրություններում խոստացել էին կտրել մեր թևերը, բայց արդյունքում նրանք ոչ միայն չկտրեցին մեր թևերը, այլև չկան: Ի՞նչ անեմ, գնամ, ծեծեմ Նարեկ Կարապետյանի դուռը, ասեմ՝ խնդրում եմ՝ առաջադրվե՞ք: Գնամ, իրենց խմբակցությունից մարդ գտնեմ, ասեմ՝ առաջադրվե՞ք: Ի՞նչ անեմ… Ի՞նչ բռնաճնշում: Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներին՝ դեռ կան ՏԻՄ ընտրություններ, կոչ եմ անում մասնակցել»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ըստ որի՝ ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն, Ռուբինյանը պարզաբանեց, թե իրենք ասում են՝ բոլորն ունեն շանս ոչ թե իշխող ուժին ենթարկվելու, այլ ընդունելու ժողովրդավարական խաղի նոր կանոնները:
«Մի մասն այդ կանոններն ընդունել է, մի մասը որոշել է դառնալ ռեակցիոն ուժ, մի մասը որոշել է պաշտպանել գողոնը ու ապօրինի ձեռք բերված գույքը: Հետևաբար այն մարդիկ, որոնք որոշել են մնալ հին տրամաբանության մեջ, մեր դասակարգային հակառակորդներն են»,- ասաց նա: