Չինական երեք ընկերություն դադարեցրել է համագործակցությունը ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ՝ Չինաստանի հիմնադիր առաջնորդ Մաո Ցզեդունի մասին նրա արտահայտության պատճառով։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խոսել էր այն մեմերի մասին, որոնցում իրեն պատկերում են որպես բռնապետ։ «Ամենից շատ ինձ ծիծաղեցրեց այն մեմը, որտեղ ինձ պատկերել էին չինացի բռնապետի կերպարով։ Ես հաճախ այն օգտագործում եմ ընկերներիս հետ շփվելիս»,– ասել էր Մբապեն՝ նկատի ունենալով Մաո Ցզեդունին։
Համագործակցությունը դադարեցրած ընկերություններից է Dongpeng Beverage Group-ը, որը արտադրում է ըմպելիքներ և տիրապետում Bu Shui La ապրանքանիշին։ Ընկերությունը հայտարարել է, որ դեմ է ազգային զգացմունքները վիրավորող ցանկացած վարքագծի և Մբապեի հետ համագործակցությունը դադարեցնում է անմիջապես։
Ֆուտբոլիստի հետ համագործակցությունից հրաժարվել են նաև կաթնամթերք արտադրող Mengniu ընկերությունը և պանրի արտադրությամբ զբաղվող Milkground-ը։