Միշա Գրիգորյանի «Խոր Վիրապ, Արարատ» կտավը կցուցադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում

Չուվաշիայի հանրապետության ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ Միշա Գրիգորյանի «Խոր Վիրապ, Արարատ» կտավը (2024թ., 63/87), այսուհետ կցուցադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում:

Հոկտեմբերի 26-ին նկարը թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին փոխանցեց Չուվաշիայի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Հախվեդյանը: Նա իր խոսքում նշեց, որ թեպետ վարպետն ապրում և ստեղծագործում է հայրենիքից հեռու, սակայն հոգով կապված է հայրենիքի հետ: «Այս կտավը հայ ժողովրդի կորսված տարածքների, մեր հոգևոր ժառանգության և այդ ժառանգությունը սրբորեն պահելու մասին է»,- ասաց Ա. Հախվերդյանը: Նա նաև նշեց, որ 2026 թվականի դեկտեմբերին լրանում է Միշա Գրիգորանի ծննդյան 80-ամյակը, ինչի առիթով նախատեսում են կազմակերպել վարպետի նկարների մեծ ցուցադրություն:

Եզրաս սրբազանը օրհնության ու երախտագիտության խոսք ասաց նվիրատու Միշա Գրիգորյանին՝ մաղթելով ամենայն բարիք բարեպաշտ և հայրենասեր Գրիգորյան ընտանիքին:

«Տապան» թանգարանը, որը գործում է եկեղեցական համալիրի բացումից ի վեր, ձևավորվել և հարստացել է ազնվասիրտ հայորդիների նվիրատվությունների շնորհիվ: Եզրաս սրբազանի հոգածությամբ թանգարանն իր պատերի ներսում ամբարում է ազգային և եկեղեցական մշակույթի հին ու նոր բազում ստեղծագործություններ, որոնք պատմում են հայ ժողովրդի պատմության և ինքնության մասին: Ցուցադրվող նմուշները դիտողին տանում են դեպի հայրենիք, հայի արմատները, դարեդար կանգուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *