Հայաստանում ստեղծվել է անշարժ գույքում մասնաբաժնային ներդրումների հարթակ

Հայաստանում ստեղծվել է անշարժ գույքում մասնաբաժնային ներդրումների հարթակ։ Այն նախատեսում է միավորել ներդրողների միջոցները՝ Երևանում վարձակալության համար նախատեսված բնակարաններ ձեռք բերելու և դրանց կառավարումը կազմակերպելու նպատակով։

Resteta հարթակի համահիմնադիրներն են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ ԱՏՁՄ նախկին տնօրեն Սարգիս Կարապետյանը և անշարժ գույքի ոլորտում 20 տարվա փորձ ունեցող Արթուր Միկաելյանը։

Resteta-ի գաղափարն է անշարժ գույքի ներդրումները հասանելի դարձնել ավելի փոքր կապիտալ ունեցող մարդկանց, իսկ ավելի մեծ միջոցներ տնօրինող ներդրողներին դիվերսիֆիկացիայի հնարավորություն տալ՝ բաշխել ներդրումները տարբեր գույքերի միջև՝ առանց յուրաքանչյուրն ամբողջությամբ ձեռք բերելու։

Նախաձեռնությունը համադրում է տեխնոլոգիական ձեռներեցության և անշարժ գույքի ոլորտի փորձառությունը։ Արհեստական բանականության և թվային գործիքների կիրառումը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել գործառնական արդյունավետությունը՝ անշարժ գույքում ներդրումներն ու դրանց կառավարումը դարձնելով ավելի պարզ և հասանելի`այսպիսով հնարավորություն ընձեռելով փոքր ներդրումներ ներգրավվել շուկա։

Ըստ Կարապետյանի՝ անշարժ գույքում ներդրումներ կատարելու հիմնական խոչընդոտներից են ամբողջական գույք ձեռք բերելու համար անհրաժեշտ կապիտալը, դրա հետագա կառավարման գործառույթները, գույքը ձեռք բերելու գործընթացի բարդությունները։ Առաջարկվող մոդելը նախատեսում է համատեղել մասնաբաժնային մասնակցությունն ու կենտրոնացված կառավարումը։

Հարթակը նախատեսում է ապահովել ամբողջ գործընթացը՝ գույքի ընտրությունից և ձեռքբերումից մինչև կառավարում, եկամուտների բաշխում և վարչական բոլոր հարցերի կարգավորում։ Ներդրողների հնարավոր ակնկալիքները կբավարարվեն վարձակալությունից և գնաճից ստացվող եկամուտներից։

Հարթակն իր գործունեությունն իրականացնելու համար համագործակցում է ոլորտի առաջատար ընկերությունների և մասնագիտացված լիցենզավորված գործընկերների հետ։ Resteta-ն գործունեությունը սկսում է Հայաստանից՝ հետագայում միջազգային շուկաներում ընդլայնվելու նպատակով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *