Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մուտքից գողացել են որդու հեծանիվը։
Նույն բովանդակությամբ հաղորդում էր ստացվել նաև երկու օր անց․ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրրորդ հարկի շքամուտքից, երկաթյա խողովակին ամրացրած մետաղյա փականը կոտրելու միջոցով, գողացել էին էլեկտրական հեծանիվը՝ տուժողին պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ նշված գողությունները կատարել է ինքը։
Բագրատունյաց փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։