Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայնով համաձայնություն տվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Դեմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորները։
TRIPP նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահի ստորագրմանը։
Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական ու ենթակառուցվածքային շրջանակային փաստաթուղթ է: Այն միտված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և տրանսպորտային նոր ուղիների գործարկմանը:
Նախագծի շրջանակում ստեղծվելու է հատուկ ընկերություն, որը կառուցելու և կառավարելու է այդ ուղիները: Ընկերության բաժնեմասերը նախնական 49 տարվա համար բաշխվելու են հետևյալ համամասնությամբ՝ Հայաստան՝ 26%, ամերիկյան կողմ՝ 74%:
Միջպետական այս փաստաթղթով ամրագրվում է, որ Հայաստանն անխոչընդոտ կապ է տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքով Նախիջևան հասնելու համար՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով:
Ընդդիմությունը նշում է, որ Բաքուն անխոչընդոտ կապ ապահովելու պարտավորություն չի ստանձնել, Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների երթևեկության վերաբերյալ որևէ փաստաթուղթ մինչ օրս չի ստորագրել։