Օգտագործվելու է նույն տարածքը, որով երկաթգիծն անցել է ժամանակին՝ խորհրդային ժամանակներում։ Երկարությունը շուրջ 42 կմ է, անցնում է Արաքսի հովտով, որևէ մասնավոր հող այդ լոտի վրա գոյություն չունի, որովհետև դա սահմանային շերտերով ու գոտիներով է անցնում։ Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե կոնկրետ ինչ տարածք է ներառում TRIPP նախագիծը, ինչու չեն հրապարակվում քարտեզները, թե որ սկզբնակետն ու վերջնակետն է ներառում նախագիծը՝ ավտոճանապարհի երթուղիները, դրանց երկու կողմերում ներառվող սահմանները և այլն։
«Ավտոճանապարհի հետ կապված կոնկրետությունը վերջնական չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ավտոճանապարհը պետք է ունենա ռեգիոնալ նշանակության պարամետրեր. դա չի կարող լինել ցանկացած տեխնիկական տեսքի, քանի որ մրցունակ չի լինի»,– ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ դա լինելու է նույն հարավային հատվածում։
«Ուղղակի բարդությունն այն է, որ Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է զուտ աշխարհագրական տեսանկյունից, և դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա, այդ թվում՝ թունելների և չթունելների, որոնց հետ կապված աշխատանքները դեռևս ավարտված չեն»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է էներգետիկ լարերին, փոխվարչապետը կարծիք հայտնեց, թե էլեկտրական գծերի հետ կապված կաշկանդվածությունն այդքան էլ մեծ չէ, բայց դրանք պետք է սինքրոն լինեն Ադրբեջանից եկող ենթակառուցվածքային և լարային կապերի հետ։ Այդ մասով հաշվարկներ են արվում այս պահին, շուտով կավարտվեն։
Նիստը վարողի իրավունքով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճշտեց՝ հարցնել՝ «ինչքա՞ն է TRIPP-ի լայնությունը», նույնն է, ինչ ասել՝ «ինչքա՞ն է «Զվարթնոց» օդանավակայանի լայնությունը»։
Փոխվարչապետն արձագանքեց՝ եթե խոսքը TRIPP-ի իրավաբանական լայնության մասին է, ապա «իրավաբանական անձի լայնություն» կատեգորիա գոյություն չունի, եթե խոսքը կոնցեսիոն իրավունքի շրջանակի մասին է, ապա դրա մասին պետք է խոսել 3D լայնության մեջ, որպեսզի հասկանալի լինի։
«Եթե խոսում ենք տարածքի մասին, որն օգտագործվելու է կոնցեսիոն իրավունքի իրացման և իրականացման համար, դա կլինի երկաթգիծ՝ 1 ուղղությամբ, այսինքն՝ 1 կազմով. դա լինելու է ավտոճանապարհ, որը կլինի, ամենայն հավանականությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող ավտոճանապարհ, և կլինեն էլեկտրական գծեր, իսկ էլեկտրական գծերի տեսքն ու ձևը հայտնի են, դրանք նման կլինեն մեր բարձրավոլտ էլեկտրագծերին»,– պարզաբանեց փոխվարչապետը։