Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը քննարկում են գազի սվոփային մատակարարումների հնարավորությունը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։
«Հարցն այժմ քննարկվում է։ Մենք կողմ ենք բոլոր երկրների համագործակցությանը։ Սակայն գիտեք, որ դեպի Իրան գազատարը անցնում է Ադրբեջանի տարածքով։ Մենք փոխկապակցված ենք։ Երեք երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում է կայացել։ Պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք համատեղ լուծել այս հարցը՝ ի շահ բոլոր երկրների և յուրաքանչյուրի շահերը հաշվի առնելով», – ասել է Ցիվիլևը։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարի խոսքով՝ երկրների ղեկավարները հանձնարարել են գտնել խնդրի լուծումը։
«Կան որոշակի տեխնիկական հարցեր, որոնք բավական բարդ են, բայց մենք կփորձենք դրանք լուծել։ Տեխնիկական հարցերով մասնագիտորեն զբաղվում են այն ընկերությունները, որոնք ապահովում են այս աշխատանքը։ Ռուսական կողմից այդ աշխատանքն իրականացնում է «Գազպրոմ» ընկերությունը», — պարզաբանել է նախարարը։