Առաջին զանգը՝ ոստիկաններին։ Իր տուն մտած ադրբեջանցու ձեռքից երեխաներին բառացիորեն կյանքի գնով փրկած Անի Ավետիսյանի հեռախոսում ծանր պահի ձայնագրությունն է պահպանվել։ Դրվագները վերհիշելիս հուզվում է։
Սպասելու ժամանակ չկար,-ասում է Անին։ Ներսում իր երեխաներն էին՝ զինված օտար մարդու հետ։ Այդ ժամանակ դեռ չգիտեր՝ ով է նա, ինչ նպատակով է իր տուն մտել և սպառնում երեխաներին։
Ոստիկանները հասել են, երբ զինված, այսպես ասած, մոլորյալն արդեն ճողոպրած է եղել։ Թե որքան է տևել իր ու ադրբեջանցու մարտը, Անին չի հիշում։ Գուցե երկու րոպե, գուցե՝ երեսուն։
38-ամյա կնոջը երրորդ վիրահատությունն է սպասվում։ Թե երբ կանեն, դեռ չգիտի։ Դա կախված է առողջական վիճակից։ Այդ միջամտությունից հետո էլ պարզ կլինի՝ կքայլի, թե ոչ։
Երեխաներն էլ սթրեսը չեն հաղթահարել, վախը դեռ աչքերի մեջ է, տեսնում եմ, ասում է մայրը։
Սոցիալական ծանր վիճակում են, ասում է Անին։ Ինքն ու երեխաները չգիտեն՝ հիվանդանոցից դուրս գալուց հետո ուր են գնալու։ Աշխատանքը, որը եկամտի միակ աղբյուրն էր, Սյունիքում մնաց։ Մի բան, սակայն, հստակ է ասում՝ Շաքի չեն վերադառնա։ Երեխաները Շաքիի անունից անգամ սարսափում են։