Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի բացառել, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները կարող են անցկացվել նոյեմբերի 10-ին։
Այս մասին նա հայտարարել է The Sun թերթին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Կիևը շահագրգռված է բանակցությունները հնարավորինս շուտ անցկացնելու հարցում և նույնիսկ առաջարկել է հանդիպումը կազմակերպել նոյեմբերի 1-ին։
«Մենք պատրաստ ենք երկխոսության և բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով։ Պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա, այդ թվում՝ մեզ համար զգայուն հարցեր։ Չեմ ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե մենք խոչընդոտում ենք բանակցություններին», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց մեծ զիջումների չգնա Ռուսաստանին։