Փաստացի TRIPP նախագծի ժամանակավրեպ վավերացումն ու իրականացումն Ալիևի համար «Զանգեզուրի միջանցքի» մաս է ․ Անուշ Միրզոյան

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը նշում է՝ փաստացի TRIPP նախագծի ժամանակավրեպ վավերացումն ու իրականացումն Ալիևի համար «Զանգեզուրի միջանցքի» մաս է, քանի որ ակնհայտորեն բացակայում է ներկայիս իշխանությունների կողմից բազմիցս բարձրաձայնված և խոստացած առնվազն փոխադարձելիության սկզբունքը։

«Ո՞րն է այն հայելային հաղորդակցման ուղին, պայմանները, անխոչընդոտ և անվտանգ ճանապարհները, որոնք ստանում է ՀՀ քաղաքացին՝ առանց ադրբեջանցու հետ անմիջական շփման։

Առավել խոցելի են ՀՀ անվտանգային երաշխիքները, ավելի պարզ ասաց՝ ոչ թե խոցելի են, այլ պարզապես բացակայում են։ Խաղադրույքը դրված է միայն ադրբեջանական բարեհաճության վրա։ Նման անփույթ վերաբերմունքը սեփական երկրի և հայրենակիցների շահերի համար «Ուժեղ Հայաստանի» համար խիստ անընդունելի է։

Հիմա՝ եթե հաստատվել է իրական ու կայուն խաղաղություն, ինչո՞ւ է շարունակում Ադրբեջանը պահանջներ առաջ քաշել և հայ-ամերիկյան նախագիծը հանրայնացնել որպես թյուրքական պետությունների ինտեգրացիոն կամուրջ։ Սա ենթադրություն չի, սա խտացված մեջբերում է այն հայտարարությունների, որոնք արվել են Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

Սիրելի հայրենակիցներ, առանց նախապես մեկից ավելի երաշխավորներով խաղաղության համաձայնագիր ունենալու և առանց դիվանագիտական հարաբերությունների՝ TRIPP-ը դառնալու է անխոչընդոտ տարանցման միջոց՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համար։

«Ուժեղ Հայաստանը» բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, ինչպես նաև մյուս հավանական երաշխավոր պետությունների դերը։ Մեկից ավելի երաշխավորների ներգրավմամբ խաղաղության պայմանագրի առկայության դեպքում TRIPP -ը կարող է լինել ապահով, անվտանգ։ «Ուժեղ Հայաստանը» կողմ է բալանսավորված դիվանագիտությանը, հայ-ամերիկյան ծրագիրը կարող է լավ օրինակ լինել, բայց մենք այն կքննարկենք, երբ հաստատված լինի իրական, երկարաժամկետ խաղաղություն»,– գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *