Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Այս մասին BanksNews-ին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։
Կենտրոնական բանկից տեեղեկացնում են, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում են ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ։