Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա դա բացատրել է մրցակցության գործոնով։

«Կլինեն բանկեր, որոնք, օրինակ, ունեն իրացվելիության բավականին մեծ պաշարներ և կորոշեն, որ նույնիսկ եթե Կենտրոնական բանկը բարձրացնի տոկոսադրույքը, այսինքն՝ կարճաժամկետ փողի արժեքը, իրենք ունեն բավարար իրացվելիություն, որպեսզի չփոխեն իրենց վարկային պրոդուկտի գինը»,- Hetq ռեսուրսին տված հարցազրույցում ասել է Գալստյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, կլինեն բանկեր, որոնք կարող են փոխել իրենց վարկային պրոդուկտների գինը։

«Եվ, բնականաբար, արդեն մրցակցային շուկայում մենք կտեսնենք այն զարգացումները, որոնք տեղի կունենան»,- ասել է նա։

Սեպտեմբերի 15-ին Գալստյանը չէր բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով ԿԲ խորհրդի որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու և 6,75% սահմանելու մասին։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հաջորդ որոշումը ՀՀ ԿԲ խորհուրդը կկայացնի նոյեմբերի 3-ին։ Հաշվի առնելով դա՝ Գալստյանը զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որևէ կանխատեսում հնչեցնելուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *