Ես նրա հետ աշխատել եմ, մեր համագյուղացին էր, ամենալավ տղան էր։ Մոտ մեկ տարի է՝ իրար ճանաչում էինք, միասին աշխատել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույում ասել է աշխատակիցներից մեկը՝ պատմելով՝ Գաջեգործների փողոցում՝ «Աղի լիճ» տանող ճանապարհին տեղի ունեցած փլուզման մանրամասները, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ տուժել։
«Ես տեխնիկայի հետ աշխատում էի վերևի հատվածում՝ մոտ 30 մետր հեռավորության վրա։ Ձայներ լսեցի, նայեցի ու տեսա, որ հողը փլվել է։ Վալերը ոտքերով կանգնած է եղել երկու պանելների արանքում։ Երբ ձայն են տվել, նա վազել է, բայց մնացել է փլուզման հատվածում։ Սկսեցի գոռալ՝ «Վալերը որտե՞ղ ա, Վալերը որտե՞ղ ա»։ Ասացին՝ «Տակն է»։ Սկսեցի փնտրել, մտածում էի՝ գուցե մի կողմ է գնացել։ Հետո կռացա, նայեցի ու տեսա՝ նրա ձեռքն էր դուրս մնացել հողից։ Փորձեցի մոտենալ, բայց հողն արդեն այնքան էր լցվել, որ ներս մտնել հնարավոր չէր։ Հետո տախտակ ու այլ գործիքներ բերեցի, փորձեցինք ինչ-որ կերպ մոտենալ, որ ոտքերը չվնասվեն, բայց արդեն շատ դժվար էր։ Վալերը մոտ 50 տարեկան էր»,- ասաց ականատեսը։
Ինչ վերաբերում է տուժածին, ապա նրան վիրավոր վիճակում դուրս են բերել ու տեղափոխել հիվանդանոց։
«Ասացին՝ ոտքերն էին կոտրվել։ Մեզ հեռու էին պահում, որպեսզի փրկարարները կարողանան աշխատել։ Վիրավորին դուրս բերելիս նա կարծես գիտակից էր։ Մենք էլ օգնում էինք՝ հողը ձեռքերով մաքրելով։ Չգիտեմ՝ փլուզման կոնկրետ ինչն է եղել պատճառը։ Ես այդ հատվածում չէի աշխատում, տեխնիկայի հետ մյուս կողմում էի։ Իրենք այնտեղ ինչ աշխատանքներ էին կատարում՝ ամբողջությամբ չեմ տեսել։ Այնքան վատ վիճակում եմ, որ արդեն դժվարանում եմ խոսել։ Շատ ծանր դեպք էր»։