Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախին պաշտպանելու հարցից, և մենք տեսանք՝ արդյունքն ինչ եղավ․ Ռոբերտ Քոչարյան 

Մարդկանց այս հոսքից տեսնում եք, որ ոչինչ մոռացված չէ, և չի մոռացվելու երբեք․ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ոչ մի կառավարոթյուն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող այս ամենը մոռացության մատնել, կամ փակել»,-ասաց նա։

Այն դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է պատժել Թուրքիայի դրոշն այրողներին, նա ասաց․ «Ես որևէ երկրի դրոշ այրելու կողմնակից չեմ, բայց աշխարհում ընդունված բողոքի արտահայտման ձև է»։

ABC Media-ի հարցին, որ այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, սակայն Թուրքիան շարունակում է ժխտել, ո՞րն է պատճառը՝ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություննե՞րն են թերացել, թե՞ Թուրքիան է համառորեն առաջ շարժվում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Նորություն չէ, որ Թուրքիան ժխտում է և շարունակելու է ժխտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունն ունենք, դա ճանաչված փաստ է, և պետք է պարզապես հետևողական լինենք։ Իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն այս գործը, կգանք մի հանգրվանի, որ փաստը ժխտելն անիմաստ կդառնա նաև Թուրքիայի համար»։

Եթե պետական կառույցներով, ըստ նրա, հետևողական աշխատանք չկատարես, ուղղակի ոչ մի բանի չես հասնի։

«Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից, ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախին պաշտպանելու հարցից, և մենք տեսանք, թե արդյունքն ինչպիսին էր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *