ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար: Այս մասին Hetq ռեսուրսին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Վերջին տարիներին մենք ականատես ենք լինում կապիտալի զգալի ներհոսքի դեպի Հայաստանի Հանրապետություն՝ տարբեր աղբյուրներից, ներդրողներից, տարբեր երկրներից: Եվ այդ ներհոսքը հաճախ լինում է այնքան մասշտաբային, որ Կենտրոնական բանկը ստիպված է լինում գործել՝ վախենալով շուկայի փլուզումից», — ասել է Գալստյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ նման գործողությունների նպատակը ոչ թե որոշակի փոխարժեքի պահպանումն է, այլ շուկայի կայուն գործունեության ապահովումը:

«Օրինակ, առաջանում է իրավիճակ, երբ այսօր շուկայում կա 100 միլիոն դոլար վաճառելու առաջարկ, բայց գնորդներ չկան: Եվ դա կարող է հանգեցնել շատ լուրջ ցնցումների», — պարզաբանել է ԿԲ ղեկավարը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում կարգավորողը հաճախ է ձեռք բերում արտարժույթի ավելցուկային ծավալ՝ իրականացնելով ինտերվենցիաներ, որոնց շրջանակում գնում է դոլար և շուկային տրամադրում դրամ:

«Դա արվում է նրա համար, որպեսզի թույլ չտրվի շուկայի փլուզում: Որովհետև, եթե շուկայում կան միակողմանի գնանշումներ, այսինքն՝ կան վաճառողներ, բայց չկան գնորդներ, դա շուկայի փլուզման կարճագույն ուղիներից մեկն է», — նշել է Գալստյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *