«Մեդիազոնա»-ի հաղորդմամբ՝ Չիտայում ծնունդով հայաստանցի 23-ամյա երիտասարդը Ռուսաստանի մասին մեկնաբանությունների համար դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման։
ՌԴ Չիտայում ձերբակալված Գևորգ Գրիգորյանին մեղադրում են ռազմական «կեղծ լուրեր» տարածելու (ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ), նացիզմի արդարացման (354.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ), ահաբեկչության և ծայրահեղական կոչեր հնչեցնելու (205.2-րդ հոդվածի 2-րդ մաս, 280-րդ հոդվածի 2-րդ մաս) մեջ։
Անդրբայկալյան երկրամասում բնակվող Գրիգորյանին ձերբակալել են 2025 թվականի հունիսին, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Քրեական հետապնդման առիթ են դարձել հայկական առցանց հարթակներում արված մեկնաբանությունները, որոնցում Գրիգորյանը, մասնավորապես, գրել է, թե «Հիտլերը պետք է նրանց բոլորին ոչնչացներ», և որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կարող են մտնել Հայաստան։
Գրիգորյանի ծանոթը պատմել է, որ նա նման մեկնաբանություններ է թողել՝ վրդովված լինելով այն հանգամանքից, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ Ռուսաստանը Հայաստանին օգնություն չի ցուցաբերել։
«Չիտա.ռու»-ն երիտասարդի ձերբակալությունից հետո գրել էր, որ քրեական հետապնդման պատճառ են դարձել Telegram-ում ռուսներին վիրավորող նրա մեկնաբանությունները։ Քննության վարկածով՝ ձերբակալվածը 2023 թվականի սեպտեմբերից «համակարգված կերպով հրապարակել է» հաղորդագրություններ, որոնք «նվաստացնում են մարդկանց խմբի արժանապատվությունը՝ ազգային պատկանելության հիմքով»։
Ինքը՝ Գրիգորյանը, ձերբակալությունից հետո տեսախցիկի առաջ պատմել է գործի մանրամասները։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հրապարակած տեսանյութում նա նշել է, որ գրել է նացիզմը «արդարացնող» հաղորդագրություններ և «մահ ցանկացել Ռուսաստանի քաղաքացիներին ու երեխաներին»։
Սկզբում երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել նացիզմն արդարացնելու և ատելություն հրահրելու համար: Իսկ գործը նախատեսվում էր քննել Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանում։
Ավելի ուշ մեղադրանքների շրջանակն ընդլայնվել է, և 2026 թվականի օգոստոսին գործի նյութերը փոխանցվել են Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարան։
Չնայած մեղադրանքի խստացմանը՝ Գրիգորյանը շարունակել է մնալ տնային կալանքի տակ։ Նրա ծանոթի պատմելով՝ հարազատները մինչև վերջին պահը հույս են ունեցել, որ նա կխուսափի իրական ազատազրկումից։ Պետական մեղադրողը նրա համար պահանջել է տասը տարվա ազատազրկում։