Ֆրանսիայի իշխանությունները շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար ամբողջ երկրում կներգրավեն 70 հազար ոստիկանի և ժանդարմի, հաղորդում է BFMTV-ն։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է իրավակարգի ապահովման լայնածավալ ծրագրի մասին՝ նախազգուշացնելով անկարգությունների շատ բարձր վտանգի մասին։
Նախարարի խոսքով՝ ուժայինների թիվը կլինի նույնը, ինչ հոկտեմբերի 24-ին՝ բողոքի նախորդ ալիքի ժամանակ։ Անձնակազմի անհրաժեշտ թվաքանակն ապահովելու համար իշխանությունները վերանայել են արձակուրդների ժամանակացույցերը և չեղարկել հանգստյան օրերի մի մասը։ Գործողությանը կներգրավվեն բոլոր հասանելի շարժական ստորաբաժանումներն ու մասնագիտացված ծառայությունները։
«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիգադները (BRI), RAID և GIGN ստորաբաժանումները, հեծյալ և կինոլոգիական ստորաբաժանումները», ինչպես նաև բոլոր հասանելի անօդաչու թռչող սարքերն ու ուղղաթիռները կներգրավվեն կարգուկանոնի պահպանման գործում, հայտարարել է Նունյեսը։
Ամբողջ երկրում կտեղակայվեն նաև 26 Centaure զրահամեքենա, որոնց մի մասը կուղարկվի Փարիզ, ինչպես նաև առկա բոլոր ջրցան մեքենաները։
Իշխանությունները կթույլատրեն ցույցերի անցկացումը, սակայն մտադիր են դրանք սահմանափակել քաղաքների կենտրոնական շրջաններով. ակցիաները հիմնականում կանցկացվեն ծայրամասերում և ծայրամասային գոտիներում, որտեղ, իշխանությունների գնահատմամբ, հասարակական կարգի խախտման վտանգն ավելի ցածր է։
«Մենք որևէ անկարգություն չենք հանդուրժի», — նախազգուշացրել է Նունյեսը։ Նա առաջիկա շաբաթ օրը ոչ սովորական օր է անվանել ոչ միայն անկարգությունների բարձր վտանգի պատճառով, այլև այն պատճառով, որ բողոքի հավաքները կարող են շարունակվել մինչև ուշ երեկո։
Իշխանությունների լրացուցիչ մտահոգությունն է առաջացնում բողոքի ակցիաների համընկնումը Հելոուինի տոնակատարության հետ։ Նախարարի խոսքով՝ սոցիալական ցանցերում բազմաթիվ կոչեր են տարածվում՝ ժամը 20:00-ի սահմաններում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հավաքվելու վերաբերյալ։ Նունյեսի պնդմամբ՝ այդ կոչերի մի մասը հնչում է արմատական ծայրահեղ ձախ խմբավորումների կողմից։ Նա նաև հայտնել է հեղափոխության և ապստամբության առանձնապես ագրեսիվ կոչեր պարունակող հրապարակումների մասին։
Նման հավաքները կարգելվեն պրեֆեկտների կողմից։ Եթե դրանք, այնուամենայնիվ, տեղի ունենան, ոստիկանությունը կցրի մասնակիցներին, իսկ կազմակերպիչներն ու այլ առնչություն ունեցող անձինք կարող են ձերբակալվել, հայտարարել է ՆԳՆ ղեկավարը։
Բողոքի շարժման սկզբից ի վեր վիրավորվել է 1193 ոստիկան և ժանդարմ։ Այդ կապակցությամբ, Նունյեսի խոսքով, ուժային կառույցներին առավելագույնս կոշտ գործելու հրահանգ է տրվել։ Նրանց հանձնարարվել է հայտնաբերել և ցրել բարձր վտանգ ներկայացնող խմբերը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձերբակալել դրանց մասնակիցներին։