2026 թ․ հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Մինչդեռ միջազգային բնապահպանական օրակարգի կենտրոնում հայտնված Հայաստանը կանգնած է սեփական էկոհամակարգերի պահպանության լուրջ մարտահրավերների առաջ։
Դրանց մասին է վկայում Կարմիր ցուցակի ինդեքսի դինամիկան.
Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ Հայաստանում ցուցանիշը 2000 թ․ 0․86-ից 2024 թ․ նվազել է մինչև 0.84։ Ինդեքսն արտացոլում է բուսական և կենդանական աշխարհի տեսակների անհետացման ընդհանրական ռիսկը, իսկ դրա նվազումը վկայում է այդ ռիսկի աճի մասին։
Հայաստանի կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցի համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 13․1%-ը։
Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս համատեքստում առանձնապես ուշագրավ է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պաշտոնական մեկնարկը՝ հոկտեմբերի 10-ին՝ COP17-ից ընդամենը 9 օր առաջ։ Կառավարության տվյալներով՝ նախագծում ներդրվել է շուրջ $750 մլն, իսկ տարեկան հարկային և ռոյալթիի վճարումները կանխատեսվում են մոտ $130 մլն սահմաններում։
Միաժամանակ բնապահպանական կազմակերպությունները մտահոգություններ են հայտնում Ջերմուկի և հարակից բնական տարածքների, ջրային ռեսուրսների ու կենսաբազմազանության հնարավոր վնասների վերաբերյալ։ Ամուլսարի ազդեցությունների հարցը 2020 թ․ բարձրացվել է նաև Եվրոպայի խորհրդի Բեռնի կոնվենցիայի շրջանակում։ Կառավարությունն ու շահագործող ընկերությունը, իրենց հերթին, շեշտում են բնապահպանական անվտանգության և վերահսկողության միջոցառումները։
Չնայած Կարմիր ցուցակի ինդեքսի երկարաժամկետ վատթարացումը չի կարելի անմիջականորեն կապել Ամուլսարի հետ, այն բացահայտում է բնապահպանական խնդիրների ավելի լայն շրջանակը։
- Ինչևէ, COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ոչ միայն միջազգային հեղինակության ամրապնդման, այլև տնտեսական զարգացման և բնապահպանական պարտավորությունների միջև հավասարակշռություն ապահովելու կարևոր փորձություն է։