
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը չի վերածվի «անվերջ պատերազմի»։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե ձեզ անհանգստացնում է ևս մեկ անվերջ պատերազմի հավանականությունը, ապա Իրանի հետ պատերազմը երբեք չի վերածվի ևս մեկ անվերջ պատերազմի»,- Fox News հեռուստաալիքի եթերում նշել է նա։
Վենսի խոսքով՝ հակամարտությունն իսկապես արդեն ութ ամիս է, ինչ շարունակվում է, սակայն ԱՄՆ-ն «Իրանի հետ առնչվում է արդեն 47 տարի»։ «Եվ ես ձեզ խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ այն վերածվի անվերջ պատերազմի»,- հավելել է փոխնախագահը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր, որը կարող է մեկնարկել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե բանակցությունները ձախողվեն։