Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի ուղղությամբ արդեն շարժվել է մարդասիրական շարասյուն՝ տասնյակ տոննա բեռով, հայտնում է «Իզվեստիան»։ Մեքենաները տեղափոխում են սննդամթերք, դեղորայք, հիգիենայի պարագաներ, խմելու ջուր եւ գեներատորների համար նախատեսված վառելիք։
Ավտոշարասյունը ճանապարհ է ընկել դեռեւս մթին, շարասյան հետ ավտոբուսներով պաշարված քաղաք են գնում նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Մարտական գործողությունների շփման գծում գտնվող քաղաքում ստեղծվել է չափազանց ծանր մարդասիրական իրավիճակ, ավելի վաղ հայտարարել էին տեղական իշխանությունները։ Այժմ այնտեղ մոտ 2 հազար մարդ է գտնվում։ Բնակիչները մաքուր ջրի, սննդի եւ դեղորայքի պակաս են զգում։ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Օլեշկիում դադարեցնել կրակը՝ մարդասիրական օգնություն հասցնելու եւ տեղի բնակիչներին տարհանելու համար։
Քաղաքում լռության ռեժիմը գործում է հոկտեմբերի 27-ից։ Այն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 1-ի երեկո։
Ուկրաինական աղբյուրները նախօրեին հայտնել էին, որ առաքելությունը նախատեսում է նախ տարհանել քաղաքից հեռանալ ցանկացող բոլոր մարդկանց, ապա օգնություն բաժանել խաղաղ բնակչությանը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցի խոսքով՝ մարդասիրական շարասյունը ժամանելու է Օլեշկիի կենտրոնական հիվանդանոց։ «Բոլոր քաղաքացիներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն»,- ընդգծել է օմբուդսմենը։