Մեքսիկայում կարտելի պարագլուխներից մեկի ձերբակալությունն անկարգությունների պատճառ է դարձել

Մեքսիկայի Մատամորոս քաղաքում «Ծոցի կարտելի» հետ կապված թմրավաճառի ձերբակալումը հանգեցրել է ճանապարհների արգելափակումների, փոխհրաձգությունների և տրանսպորտային միջոցների հրկիզումների, որոնց ընթացքում փոքրիկ աղջիկ է զոհվել, հայտնել են իշխանություններն ու տեղի լրատվամիջոցները։

«Ազգային պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության, Մեքսիկայի բանակի հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի աշխատանքի արդյունքում Տամաուլիպաս նահանգի Մատամորոս քաղաքում ձերբակալվել է երկու մարդ, այդ թվում՝ Ակսել մականունով հայտնի Ակսել Ալֆրեդո «N»-ը, որը համարվում է «Սիկլոնես» հանցավոր խմբի՝ նշանակությամբ երկրորդ անդամը», – X-ում գրել է Մեքսիկայի հանրային անվտանգության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը։

Նրա խոսքով՝ Ակսելը կապված է սպանությունների, առևանգումների, շորթման, ինչպես նաև ԱՄՆ ուղղությամբ թմրանյութերի, զենքի և մարդկանց ապօրինի շրջանառության հետ։ Նա համարվում է մայիսի 17-ին Հանրային անվտանգության ծառայության աշխատակիցների վրա կատարված հարձակման պատասխանատուն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Գործողության ընթացքում ուժայիններն առգրավել են զենք, պահունակներ, փամփուշտներ, թմրանյութեր և ավտոմեքենա։ Երկու ձերբակալվածներն էլ Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Մեխիկո։

Ձերբակալությունից հետո Մատամորոսում և հարևան Ռիո Բրավոյում սկսվել են ճանապարհների արգելափակումներ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ առնվազն ութ կետում փակվել են փողոցներ ու ճանապարհներ. հանցագործներն օգտագործել են բեռնատարներ և ավտոբուսներ, ինչպես նաև անվադողերը ծակելու համար մեխեր են շաղ տվել։ Քաղաքում դադարեցվել են օրվա երկրորդ կեսի դասերը, բնակիչներին կոչ է արվել խուսափել այն շրջաններից, որտեղ անկարգություններ են տեղի ունենում։

Ինչպես հայտնել է El Financiero-ն՝ վկայակոչելով Տամաուլիպաս նահանգի գլխավոր դատախազ Խեսուս Էդուարդո Գովեա Օրոսկոյին, Լաս Ռուսիաս կալվածքի տարածքում յոթամյա աղջիկ է զոհվել, նրա մայրը հրազենային վիրավորում է ստացել։ Նախնական տվյալներով՝ երեխան կարող էր փոխհրաձգության ժամանակ պատահական փամփուշտի զոհ դառնալ։ Պարզվում են մահվան հանգամանքներն ու կրակոցի աղբյուրը։

Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Մատամորոսում ԱՄՆ հյուպատոսությունը անվտանգության մասին նախազգուշացում է հրապարակել և կարգադրել ամերիկյան կառավարության աշխատակիցներին պատսպարվել իրենց գտնվելու վայրում։ Վաշինգտոնը հիշեցրել է, որ Տամաուլիպաս նահանգի համար գործում է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման առավելագույն՝ չորրորդ մակարդակը՝ «չճանապարհորդել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *