Ինչո՞ւ պետք է զգուշանալ կարգալույծ արված «հոգևորականներից»

Հոգևոր վտանգից և խաբեությունից պաշտպանված լինելու համար յուրաքանչյուր հավատացյալ պետք է իմանա, թե ինչ է իրականում կատարվում, երբ հոգևորականը կարգալույծ է արվում, և ինչու է նրա հետագա «քահանայագործությունը» համարվում ծանրագույն մեղք ու սրբապղծություն, նշում է Սամվել դպիր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կարգալուծությունը պարզապես «թղթի վրա գիր» կամ աշխատանքից ազատում չէ․ Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով՝ կարգալույծ արվածն ամբողջությամբ զրկվում է քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից և նշանից՝ դասվելով սովորական աշխարհականների շարքին։

«Սա գրասենյակային կամ աշխարհիկ հարց չէ, այլ հոգևոր վճիռ, որով անձը կտրվում է Եկեղեցու մարմնից և առաքելական հաջորդականությունից։

«Օծումն ինձ հետ է մնում» պնդումը կեղծիք է․ օծումը քահանայի անձնական սեփականությունը չէ, որ իր կամքով պահի (ձեռնադրության անջնջելիության գաղափարը Կաթոլիկ եկեղեցու 16-րդ դարի ուսմունք է և կապ չունի Հայ Եկեղեցու հետ)։ Ըստ Հայոց Կանոնագրքի և եկեղեցական հայրերի (Հովհաննես Արճիշեցի, Բաբկեն կաթողիկոս Կյուլեսերյան)՝ կարգալուծությամբ լուծարվում է նաև օծումը․ այն «կապվում» է և դառնում անգործունյա, քանի դեռ անձը ապաշխարությամբ չի վերադարձել Մայր Եկեղեցի։

Կարգալույծի կատարած «մկրտությունը», «պսակը», «պատարագը», «թաղման կարգը» կամ «մեղքերի թողությունը» հոգևոր, իրավական և միստիկ տեսանկյունից բացարձակապես անվավեր են։ Դրանք զուրկ են Սուրբ Հոգու շնորհից, պարզապես արտաքին դերասանական նմանակումներ են (իմիտացիա), որոնց ժամանակ երկնքում ոչինչ չի արձանագրվում։

«Դատարկ բաժակ»՝ Սուրբ Հաղորդության փոխարեն․ կարգալույծի մատուցած «պատարագի» ընթացքում նշխարն ու գինին չեն վերափոխվում Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան։ Հավատացյալը, կարծելով, թե հաղորդվում է Տիրոջը, իրականում ստանում է սովորական հաց ու գինի՝ մատուցված մի ապստամբ սրբապիղծի ձեռքով։

Ըստ եկեղեցական կանոնների՝ կարգալույծից «մկրտվածներն» ու «պսակվածները» իրականում մկրտված ու պսակված չեն (անգամ եթե նրանց որևէ վկայական է տրվել)։ Նրանց պարտադիր պետք է նորից մկրտել և նորից պսակել օրինական քահանայի ձեռամբ։

Սքեմ կրելը և սրբություններին դիպչելը սրբապղծություն է․ կարգալույծն իրավունք չունի հոգևորականի զգեստ և լանջախաչ կրելու, խորան բարձրանալու և եկեղեցական սպասքին (Սկիհ, Ավետարան, Մեռոնաման) դիպչելու։ Ներկայանալով որպես քահանա՝ նա դառնում է «ոչխարի զգեստով հափշտակող գայլ» (Մատթ. 7:15) և գիտակցաբար մեղանչում Սուրբ Հոգու՝ Ճշմարտության Հոգու դեմ։

Աստվածաշունչը դիպուկ է նկարագրում առանց Աստծո շնորհի գործող ինքնակոչների վիճակը, որոնց վրա անգամ չար ոգին է հոխորտում․ «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ եք» (Գործք 19:15)»,- նշել է Սամվել դպիր Գրիգորյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *