Ընդդիմությունը համոզված է, որ Սահմանադրության փոփոխությունը չի լինելու Ադրբեջանի պահանջների վերջին կետը․ Աննա Գրիգորյան

Ընդդիմությունը համոզված է, որ Սահմանադրության փոփոխությունը չի լինելու Ադրբեջանի պահանջների վերջին կետը․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ անցած տարիների զարգացումները ցույց են տվել, որ Հայաստանի զիջումները չեն կանխել Ադրբեջանի նոր պահանջները։ Գրիգորյանը հիշեցրեց նաև 2023 թվականի Պրահայի գործընթացը՝ նշելով, որ այն ժամանակ ևս իշխանությունը կարող էր կարծել, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչումից հետո հարցը կփակվի, սակայն հետագա պահանջները շարունակվել են։

«Մենք խորապես համոզված ենք, որ միայն Սահմանադրության փոփոխությունը՝ Ալիևի սահմանադրության ընդունումը, չի լինելու նոր պահանջների վերջին կետը։ Դա չի նշանակում, որ դրանից հետո վերջնական խաղաղություն է հաստատվելու»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նա ենթադրեց, որ Փաշինյանը կարող է փորձել Ադրբեջանից որևէ փաստաթուղթ կամ երաշխիք ստանալ, որով կփորձի համոզել ընդդիմությանը, որ Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կստորագրվի, և նոր նախապայմաններ չեն առաջադրվի։ Սակայն, Գրիգորյանի խոսքով, նման փաստաթուղթն անգամ չի կարող վստահություն ներշնչել, քանի որ ընդդիմությունը չի հավատում ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Իլհամ Ալիևի խոստումներին։

«Մենք երբեք չենք հավատալու Նիկոլ Փաշինյանի և Ալիևի տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»»,- նշեց նա՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության մանդատը չի ենթադրում Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկել։

Գրիգորյանը նաև պնդեց, որ միջազգային հանրության համար հստակ է՝ Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ադրբեջանից, և այն Հայաստանի ներքին օրակարգ չէ։ Նրա համոզմամբ՝ եթե Փաշինյանը ցանկանում է որևէ երաշխիք ստանալ, ապա այդ հարցով պետք է բանակցի հենց Ադրբեջանի հետ։

Խմբակցության ղեկավարն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն ինքն էլ վստահ չէ՝ Սահմանադրության փոփոխությունը լինելու է Ադրբեջանի վերջի՞ն նախապայմանը, թե՞ դրանից հետո նոր պահանջներ են առաջադրվելու։ Գրիգորյանը հիշեցրեց Փաշինյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը, որ հայտնի չեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «կարմիր գծերը»։

«Տարիներ են անցել, մենք դեռ նույն կետում ենք․ Նիկոլ Փաշինյանը զիջում է՝ այն հույսով, որ այլևս նախապայման չի լինի, բայց նախապայմանները շարունակվում են»,- ասաց նա։

Գրիգորյանի գնահատմամբ՝ Փաշինյանը կարող է փորձել Ալիևից ստանալ փաստաթուղթ, որով կարձանագրվի, որ սահմանադրության փոփոխությունը վերջին նախապայմանն է մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այդ դեպքում, ըստ նրա, վարչապետը կարող է այդ փաստաթուղթը ներկայացնել ընդդիմությանը՝ ակնկալելով փոխել վերջինիս դիրքորոշումը։

Այդուհանդերձ, «Հայաստան» խմբակցության ղեկավարը վերահաստատեց, որ իրենց քաղաքական դիրքորոշումը չի փոխվելու։ Նրա խոսքով՝ հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանը ստացել է կառավարություն ձևավորելու հնարավորություն, բայց ոչ սահմանադրական փոփոխություն իրականացնելու մանդատ։

Սվետլանա Պետրոսյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *