Իրանը լուրջ մտահոգություններ ունի TRIPP նախագծի հետ կապված․ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ մտահոգություններ ունի «Թրամփի երթուղու»՝ TRIPP նախագծի հետ կապված։ Թեհրանի դիրքորոշման մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մենք կանխակալ մոտեցում չունենք, սակայն ունենք լուրջ մտահոգություններ։ Հայաստանից ակնկալում ենք հավաստիացումներ, որ Իրանի և Հայաստանի սահմանին օտարերկրյա ուժեր չեն լինի, և ոչ ոք սահմանային ու հարակից տարածքներում չի կարողանա սպառնալիք ստեղծել Իրանի համար։ Հայաստանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հավաստիացրել են, որ նման նախադեպեր չեն լինի։ Հենց այս հարցում փոխադարձ վստահությունն ենք ընկալում որպես երաշխիք, որ այս նախագիծը չի շեղվի իր ընթացքից և սպառնալիք չի դառնա Իրանի համար»,- ընդգծել է դիվանագետը։

Նա նաև կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների համար մարտահրավերների կառավարումը։

«Կարևոր են նաև երաշխիքները, որ նախագծի շրջանակում օտարերկրյա ուժեր ներգրավված չեն լինի։ Հուսով ենք՝ կառավարությունն այս մեխանիզմները մշակելիս ցուցաբերելու է զգոն և զգուշավոր մոտեցում՝ ի շահ Հայաստանի»,- եզրափակել է դեսպանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *