Հայաստանը` դեպի պարտքով ծանրաբեռնված Եվրոպա․ եվրոինտեգրման ֆինանսական ռիսկերը

2026 թ․ 2-րդ եռամսյակի վերջում Եվրամիության անդամ երկրների պետական համախառն պարտքը կազմել է մոտ €16 տրլն կամ միության ՀՆԱ-ի մոտ 83%-ը։ Մեկ տարում ցուցանիշը բարձրացել է 1.5 տոկոսային կետով։ Սա մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար, որը որդեգրել է եվրոպական ինտեգրումը խորացնելու քաղաքական ուղղություն․

Պարտքային բեռը հատկապես մեծ է Հունաստանում (140.8%), Իտալիայում (139.9%), Ֆրանսիայում (119.1%), Բելգիայում (110.2%) և Իսպանիայում (101.4%)։ ԵՄ 27 երկրներից 13-ում պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը՝ եվրոպական հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմը։

Բացի այդ՝ 18 երկրում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացել է նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ 


🟣 COP17-ը Երևանում․ բնապահպանական միջազգային հանձնառություններ և Հայաստանի բնության պահպանության չլուծված խնդիրներ


2025 թ․ ԵՄ բյուջետային պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.1%-ը։ Ֆրանսիայում այն հասել է 5.1%-ի, իսկ Լեհաստանում՝ 7.2%-ի։ Սա ցույց է տալիս, որ որոշ երկրներում պարտքի կուտակման ճնշումը դեռ պահպանվում է։ Նման իրավիճակում պետական միջոցների աճող մասը կարող է ուղղվել պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով կրթության, ենթակառուցվածքների և տնտեսական աճը խթանող ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։

Բարձր պարտքի և բյուջետային պակասուրդների համադրությունը կարող է մեծացնել հարկաբյուջետային խստացման, փոխառությունների թանկացման և մասնավոր ներդրումների դանդաղման ռիսկերը։

Հայաստանի տեսանկյունից խնդիրը միայն ԵՄ-ի ներսում հնարավոր ֆինանսական ցնցումները չեն։ Եվրոպական շուկայում դանդաղ աճը կամ ֆինանսավորման պայմանների վատթարացումը կարող են ազդել Հայաստանի արտահանման, ներդրումների և վարկավորման հնարավորությունների վրա։ Ընդ որում, Հայաստանի կառավարության պարտքը 2026 թ․ վերջում, պաշտոնական կանխատեսմամբ, կարող է հասնել ՀՆԱ-ի 52.9%-ին։

Սակայն եվրոպական պարտքային պատկերը միատարր չէ. Էստոնիայում այն ընդամենը 26.1% է, իսկ Դանիայում՝ 27.1%։ Բարձր պարտքն ինքնին ճգնաժամ չի նշանակում, իսկ ինտեգրումը չի ենթադրում եվրոպական երկրների պարտքային բեռի փոխանցումը Հայաստանին։ Սակայն եվրոպական ինտեգրման գնահատումը պահանջում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական՝ հատկապես հարկաբյուջետային կայունության և արտաքին ռիսկերի համակողմանի հաշվարկ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *