«ԱԺ-ն պետական ինստիտո՞ւտ է, թե՞ անձնական հաշիվներ պարզելու ակումբ»․ Մհեր Կարագոզյան

«ԱԺ-ն պետական ինստիտո՞ւտ է, թե՞ անձնական հաշիվներ պարզելու ակումբ»․ Մհեր Կարագոզյան

Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ ՊԱՐԶԵԼՈՒ ԱԿՈՒՄԲ։
     Մի հարց ունեմ։
     Ազգային ժողովում պատգամավորները հավաքվո՞ւմ են օրենքներ ընդունելու, թե՞ երբեմն նաև իրար հետ հարաբերություններ պարզելու։
     Հասկանում եմ՝ քաղաքական տարաձայնությունները կարող են լուրջ լինել, բանավեճերը՝ թեժ, քննադատությունը՝ կոշտ։ Բայց մի՞թե արդեն հասել ենք այն մակարդակին, երբ փաստարկները սպառվում են, և հերթը հասնում է ձեռքերին։
     Հետաքրքիր է՝ այս ամենից հետո ի՞նչ պետք է բացատրենք դպրոցականներին։ Որ օրենքները պետք է պահպանել, բայց նախ պետք է համոզվել, որ ձեռքի տակ հարմար փաստարկ ունե՞նք։
     Իսկ գուցե Ազգային ժողովի կանոնակարգում բաց ենք թողել մի կարևոր դրույթ՝ պատգամավորների միջև տարաձայնությունների դեպքում ո՞րն է հաջորդ փուլը՝ ելո՞ւյթ, քվեարկությո՞ւն, թե՞ ռինգ։
     Իհարկե, սա կատակ է։ Բայց այն, որ նման կատակն արդեն իրականության հետ որոշակի ընդհանրություն ունի, բնավ ծիծաղելի չէ։
     Ազգային ժողովը որևէ պատգամավորի սեփական տարածքը չէ։ Մանդատը սեփականատիրական իրավունք չէ, իսկ խորհրդարանական կարգավիճակը՝ անձեռնմխելիության արտոնագիր՝ ցանկացած վարքագծի համար։
     Բռնության, սպառնալիքի և փողոցային վարքագծի նկատմամբ պետք է լինի 0% հանդուրժողականություն։ Անկախ կուսակցությունից, պաշտոնից, քաղաքական հայացքներից և այն հանգամանքից, թե ով է առաջինը սկսել։
     Ի վերջո, եթե օրենքներ ընդունողներն իրենք չեն կարողանում իրենց հարաբերությունները կարգավորել օրենքի և քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում, ապա քաղաքացիներից ի՞նչ ենք ակնկալում։
     Թե՞ հաջորդ նիստի օրակարգում նաև բռնցքամարտի կանոնակարգն է ընդգրկվելու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *