2026թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների հաշվարկների վիճակը ցույց է տալիս պարտքային կառուցվածքի որոշակի վերադասավորում․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ կազմակերպությունների ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմել են ֏5.4 տրլն, որը տարեսկզբին ֏5.6 տրլն էր։ Այսպիսով, ընդհանուր պարտավորությունները նվազել են շուրջ 3.3%-ով։ Նվազման հիմնական աղբյուրը բանկային վարկերն ու փոխառություններն են․ դրանց մնացորդը ֏3.03 տրլն֊ից նվազել է մինչև ֏2.8 տրլն, կամ 6.7%-ով։
Միևնույն ժամանակ, սովորական կրեդիտորական պարտքերը փոքր-ինչ՝ 0.6%-ով աճել են։
Գնումների գծով պարտքերը նվազել են գրեթե 13%-ով, իսկ ստացված ընթացիկ կանխավճարները, հակառակը, աճել են 16.4%-ով։ Հատկանշական է նաև այլ կրեդիտորական պարտքերի կրկնապատկումը։
Դեբիտորական պարտքերի պատկերը հակառակ ուղղությունն ունի։ Ընդհանուր դեբիտորական պարտքն աճել է 1.9%-ով՝ հասնելով ֏2.7 տրլն։
Վաճառքների գծով պարտքերը նվազել են 10.2%-ով, սակայն տրված կանխավճարներն աճել են 29.3%-ով, իսկ բյուջեի գծով դեբիտորական պարտքերը՝ 28.5%-ով։ Ժամկետանց դեբիտորական պարտքերը նույնպես աճել են՝ հասնելով ֏37.9 մլրդ։
🟣 ՀՀ-ում աշխատանքի գնի աճի տեմպերի դանդաղումը. 2022–2026 թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Աշխարհագրական կառուցվածքում կրեդիտորական պարտքերի 81%-ը բաժին է ընկնում Հայաստանին, իսկ դեբիտորական պարտքերի դեպքում այդ բաժինը 63.6% է։
Արտաքին հարաբերություններում առանձնանում է Ռուսաստանը՝ համապատասխանաբար 7.1% և 8.5% մասնաբաժիններով։
- Ընդհանուր առմամբ, տվյալները մատնանշում են բանկային պարտքային բեռի թուլացում, սակայն միաժամանակ՝ կազմակերպությունների միջև հաշվարկների և կանխավճարային հարաբերությունների աճ։