Բաքվի և Անկարայի «եղբայրական» հարաբերություններում լարվածությունն աճում է՝ իսլամական արժեքների և Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել է մեկնել Անկարա` մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ըստ «Կոմերսանտ»–ի՝ Ալիևն, ըստ էության, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարաձայնությունները հարթելու փորձերը։
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը կայացել է հոկտեմբերի 29-30-ին Անկարայում։ Հիմնական թեմաներից մեկը տնտեսական ինտեգրումն ամրապնդելու և միջազգային հակամարտությունների կարգավորմանը համատեղ ջանքերով նպաստելու անհրաժեշտությունն էր։
Միջոցառման հյուրընկալողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գագաթնաժողովի մասնակիցների հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ, անդրադառնալով ԹՊԿ-ի համագործակցության այս ուղղություններին, հայտարարել է․ «Թյուրքական աշխարհի ընտանեկան միջավայրում պառակտման, օտարացման և տարաձայնությունների տեղ չկա։ Մենք բոլորս միասնական ենք, միասին ենք և, Աստծո կամոք, եղբայրներ կմնանք հավիտյանս հավիտենից»։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը այցից հրաժարվելը բացատրել է Իլհամ Ալիևի «ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով»․ հոկտեմբերի 30-ին նա նախատեսել էր մասնակցել Բաքվում առաջին անգամ անցկացվող ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը և փառատոնին։ Հաղորդագրության մեջ առանձին ընդգծվել է, որ այդ միջոցառումը «նախապես էր ծրագրված»։
Արդյունքում գագաթնաժողովում Ադրբեջանը ներկայացրել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Եվ սա այն դեպքում, երբ հենց այս գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել կազմակերպության նախագահության փոխանցումը Ադրբեջանից, որը 2025-2026 թվականներին նախագահում էր ԹՊԿ-ն, Թուրքիային։
Իլհամ Ալիևի ցուցադրական մերժումը դարձել է Բաքվի և Անկարայի հարաբերություններում լուրջ լարվածության ակնհայտ արտահայտություն։
Դրա պատճառը Ադրբեջանի կառավարության որոշումն էր՝ սահմանել դպրոցական համազգեստ կրելու կանոններ, այդ թվում՝ արգելել հագուստի այն տարրերը, որոնք «խախտում են դրա միասնականությունը և հակասում աշխարհիկ կրթության սկզբունքներին»։
Սեպտեմբերի վերջից, երբ ուժի մեջ են մտել նոր կանոնները, սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չեն տվել մտնել դպրոց։ Թուրք քաղաքական գործիչներն ու հասարակական գործիչները բավականին կտրուկ կերպով քննադատել են Բաքվին իսլամական արժեքները խախտելու համար։ Իր դիրքորոշումն է հայտնել նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։
Ադրբեջանի իշխանությունները նման քննադատությանն արձագանքել են նույնքան կտրուկ։ Մասնավորապես, երկրի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել մի քանի թուրք լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ՝ կրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով։
Դպրոցական համազգեստի շուրջ քննարկումները ծավալվել են շատ ավելի խորքային խնդրի ֆոնին՝ Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության պատճառով Անկարայի՝ Բաքվին ուղղված դժգոհության ֆոնին։
Այս հարցը կրկին օրակարգ է վերադարձել սեպտեմբերին, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ մի քանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչները լքել են դահլիճը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ։ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել է իր տեղում, ինչը թուրքական լրատվամիջոցներում գնահատվել է որպես դաշնակցին ոչ հարիր պահվածք։
Մինչդեռ ադրբեջանական հռետորաբանության մեջ ավելի ու ավելի հաճախ էին հնչում երկրի անկախության մասին հայտարարություններ։ Եվ թեև իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը բացահայտորեն չէր մատնանշում Թուրքիային, սակայն միանգամայն հստակ հայտարարում էր, որ իսլամական աշխարհի ոչ մի պետություն իրավունք չունի «իր կամքը թելադրել այլ մահմեդական ժողովուրդներին, միջամտել նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասել»։
Թուրքիայի նախագահը բացահայտորեն չի մեկնաբանել իր շրջապատի ներկայացուցիչների քննադատությունը Բաքվի գործողությունների հասցեին, սակայն նրա գլխավոր խորհրդականը կարճ ժամանակ անց հրաժարական է տվել։ Անցյալ շաբաթ նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, առանձին հրավիրել նրան ԹՊԿ գագաթնաժողովին և հավաստիացրել, որ երկրները «մտադիր են զարգացնել համագործակցությունը՝ հիմնվելով եղբայրական հարաբերությունների վրա»։
«Թուրքիան առավելագույն ջանքեր է գործադրել այս միջադեպի նշանակությունը նվազեցնելու համար։ Սակայն, չնայած դրան, Իլհամ Ալիևը չմեկնեց Անկարա։ Այստեղ հստակ արտահայտվել է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը։ Ադրբեջանը շարունակում է հնարավորինս ընդգծել իր ինքնավարությունը և պաշտպանել սեփական շահերը նույնիսկ այնպիսի մերձավոր դաշնակցի հետ հարաբերություններում, ինչպիսին Թուրքիան է»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում բացատրել է Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի՝ Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Ստանիսլավ Պրիտչինը։