Թուրքիան պաշտոնապես առաջադրել է երկրի նախկին արտգործնախարար, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող գլխավոր քարտուղար, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում։
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ահմեթ Յըլդըզը «Անադոլու»-ին հայտնել է, որ թեկնածության առաջադրման մասին համապատասխան նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին։
«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակահարմար է համարել առաջադրել դեսպան Սինիրլիօղլուի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա որակավորումը, կարողությունները, միջազգային փորձը, ինչպես նաև այն վստահությունը, որ նա վայելում է»,- ասել է Յըլդըզը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Բաքուն ողջունում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու նախաձեռնությունը։