Լեհաստանի վարչապետը դիմել է ժողովրդին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շենքի մոտ տեղի ունեցած «վրդովեցուցիչ» իրադարձություններին։

«Ես մեծ հույս ունեմ, որ Լեհաստանում այլևս երբեք ստիպված չենք լինի ականատես լինել նման տեսարանների։

Սակայն խաղաղությունը պահպանելու համար չի կարելի զիջումների գնալ անօրինականությանն ու բռնությանը։

Ժողովրդավարական պետությունը պետք է ուժեղ լինի և ունակ՝ ապահովելու արդարադատությունը։

Դատարանի և դատավորների վրա հարձակումը Լեհաստանում իրավունքի գերակայությունը քանդելու գործընթացի հերթական փուլն է։ Այդ գործընթացն իրականացնում են «Իրավունք և արդարություն» կուսակցությունը (PiS), ինչպես նաև նախագահներ Անջեյ Դուդան և Կարոլ Նավրոցկին։

Խորհրդարանական մեծամասնության հետ միասին փորձել եմ վերականգնել Դատարանի բնականոն աշխատանքը։

Ոչ ոք չէր կասկածում, որ PiS-ի ձևավորած Դատարանն իրական դատարան չէ։

Այդպիսին էր միջազգային կառույցների, Լեհաստանի իրավական մարմինների և հասարակության գնահատականը։

Իրավիճակն ավելի պարզ բացատրելու համար մի օրինակ բերեմ։

Պատկերացրեք՝ գողը խլում է տարեց կնոջ պայուսակն ու փախչում։

Երբ նրան բռնում են, նա սկսում է բղավել, թե իր նկատմամբ բռնություն են կիրառում, իսկ գողացվածը վերադարձնելու փորձը ներկայացնում է որպես կողոպուտ։

Այդ ընթացքում որոշ դիտորդներ՝ այսպես կոչված «երկու կողմն էլ մեղավոր է» դիրքորոշման կողմնակիցները, առաջարկում են իրավիճակը հանդարտեցնելու համար պայուսակի պարունակությունը հավասարապես բաժանել գողի և տուժածի միջև։

Երկար տարիներ Լեհաստանում կան կազմակերպություններ և քաղաքական գործիչներ, որոնք ձգտում են քանդել ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը։

Եվ պատահական չէ, որ նրանք աջակցություն են գտնում ողջ աշխարհում գործող ռուսամետ ուժերի շրջանում։

Այսօր այդ հակամարտությունում նրանց օգնում է համացանցում գործող ռուսական բոտերի մի ամբողջ բանակ։

Նրանք նույնիսկ հրապարակային գովասանքի են արժանացել Կրեմլի գլխավոր գաղափարախոսից», — հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Լեհաստանի Սահմանադրական դատարանի շուրջ քաղաքական ճգնաժամը, որի մի շարք անդամներ նշանակվել են նախորդ կառավարության օրոք, սրվել է այն բանից հետո, երբ երկրի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ, փորձել են պաշտոնավարումից հեռացնել դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկուն և փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *