Սևանի ավագ դպրոցը ցավակցական գրառում է հրապարակել երեկ զոհված զինծառայող, դպրոցի նախկին աշակերտ Տիգրան Ստեփանյանի հիշատակին։
«Կան մարդիկ, որոնց մասին խոսելիս բառերը միշտ քիչ են թվում…
Այսօր ցավով ու անսահման ափսոսանքով ենք հիշում մեր դպրոցի լավագույն աշակերտներից մեկին՝ մեր սիրելի Տիգրան Ստեփանյանին։
Նա առանձնանում էր իր գիտակցությամբ, խելքով, զուսպ ու չափված պահվածքով, դաստիարակությամբ և սովորելու հանդեպ մեծ պատասխանատվությամբ։ Տիգրանն այն աշակերտներից էր, որոնցով հպարտանում ես, որոնցից շատ բան ես սպասում և որոնց ապագային հավատում ես։
Բայց նրա կյանքի ճանապարհը դաժանորեն ընդհատվեց… իր անավարտ երազանքներն ու նպատակները թողնելով մեզ։
Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չենք տեսնի նրա ժպիտը, չենք լսի նրա ձայնը, չենք հետևի նրա հաջողություններին…
Տիգրանն այլևս մեր կողքին չէ, բայց նրա լուսավոր կերպարը, մարդկային ու աշակերտական լավագույն որակները միշտ կմնան մեր հիշողություններում։
Հպարտ ենք, որ մեր աշակերտն ես եղել, Տիգրան ջան։ Խոնարհվում ենք հիշատակիդ առաջ։
Հավերժ փառք ու խոնարհում…»։