Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ Վեհափառին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

«Վեհափա՛ռ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ազգի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ։

Որդիական խոնարհումով՝

Սամվել Կարապետյան»,– ասված է ուղերձում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *