Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում Արմեն Առաքելյանի կատարված կեղծ «Պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարված կեղծ «Պատարագը»։

«Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր:

Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։

Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։

Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով եւ խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։

Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իւավունքները ոտնահարելուց:

Հորդորում ենք մեր հոգեւոր զավակներին զգույշ լինել եւ զերծ մնալ նմանատիպ հակաօրինական եւ հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»,– հայտարարել են թեմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *