ԱՄՆ–ում հայ բժշկուհին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ավելի քան 45 մլն դոլարի խարդախության համար

Կալիֆոռնիայում բնակվող բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում ավելի քան 45 մլն դոլարի խարդախության գործով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Քննությամբ պարզվել է, որ Մայիլյանը պետությունից փոխհատուցում է պահանջել բոտոքսի ներարկումների համար, որոնք կամ ընդհանրապես չեն իրականացվել, կամ չեն ունեցել բժշկական հիմնավորում և կատարվել են զուտ կոսմետիկ նպատակներով։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա մինչ օրս բոտոքսի ներարկումների հետ կապված խարդախության խոշորագույն դեպքն է։

45-ամյա բժիշկը Գլենդեյլում գործող Healthy Way Medical Center կլինիկայի սեփականատերն էր։ Medicare ծրագիրը բոտոքսի ներարկումների ծախսերը փոխհատուցում է միայն այն դեպքում, երբ դրանք նշանակվում են բժշկական ցուցումներով, օրինակ՝ քրոնիկ միգրենի բուժման համար։

Մայիլյանը, սակայն, հազարավոր չկատարված միջամտությունների դիմաց վճարման պահանջներ է ներկայացրել։ Նա նաև ավելի քան 19 մլն դոլարի բժշկական ծառայություններ է վերագրել այն օրերին, երբ կլինիկան փակ է եղել։ Որոշ դեպքերում բժիշկը Կալիֆոռնիայում իբր իրականացված միջամտությունների համար հաշիվներ է ներկայացրել՝ գտնվելով արձակուրդում՝ Մեքսիկայում, Հավայան կղզիներում կամ Լաս Վեգասում։ Մի անգամ, երբ նա հանգստանում էր Մեքսիկայի Կաբո քաղաքում, հայտարարել է ավելի քան 200 հազար դոլարի բժշկական ծառայություններ մատուցելու մասին։

Դաշնային քննության ընթացքում Մայիլյանը փորձել է կոծկել գործը՝ կեղծելով բժշկական փաստաթղթերն ու պացիենտների ստորագրությունները։ Կեղծված փաստաթղթերում հայտնվել է նաև մի տղամարդու ստորագրություն, որն այդ ժամանակահատվածում գտնվել է դաշնային բանտում։

Հափշտակված գումարների մի մասը բժիշկը ծախսել է թանկարժեք իրերի, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի վրա։ Նրա ձեռքբերումների թվում են 17-րդ դարի արբալետը՝ 12 հազար դոլար արժողությամբ, 3 հազար դոլարանոց կտավը, Tesla մակնիշի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Cybertruck, ինչպես նաև Կալիֆոռնիայում գտնվող անշարժ գույք։

2026 թվականի մայիսին երդվյալ ատենակալները Մայիլյանին մեղավոր են ճանաչել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախության ինը և առողջապահության ոլորտում հանցագործության քննությանը խոչընդոտելու երեք դրվագներով։

15 տարվա ազատազրկումից բացի՝ դատարանը որոշել է բռնագրավել ավելի քան 16 մլն դոլար արժողությամբ նրա գույքը և պարտավորեցրել է մոտ 32,9 մլն դոլար փոխհատուցում վճարել Medicare-ին։

Գործի քննությունն իրականացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *