Հնագետները հայտնաբերել են Հռոմեական կայսրության մի քաղաք, որը կարող էր կորած լինել գրեթե 2 հազար տարի առաջ

Հնագետներն Ավստրիայում հայտնաբերել են նախկինում անհայտ հռոմեական քաղաք, որը կարող էր հիմնադրված լինել գրեթե 2 հազար տարի առաջ և լքված՝ մոտ մեկ դար անց, գրում է Popular Mechanics-ը։

Մոտ 25–30 հեկտար տարածք զբաղեցնող բնակավայրը գտնվում էր Դանուբի ափին՝ հռոմեական Նորիկոս նահանգի հյուսիսային սահմանին, և ուներ շուրջ 8 հազար հանդիսատեսի համար նախատեսված ամֆիթատրոն։

Քաղաքը հայտնաբերվել է երկրաֆիզիկական հետազոտությունների միջոցով՝ հին հռոմեական սահմանի՝ Դանուբյան լիմես անունով հայտնի հատվածում՝ Էնս և Սանկտ Պանտալեոն Էրլա քաղաքների միջև։ 2015 թվականից այստեղ աշխատում է հետազոտողների միջգիտակարգային խումբ։ Հնագետներն օգտագործել են գեոռադար և մագնիսաչափություն՝ գետնի տակ թաքնված ճանապարհները հայտնաբերելու և բնակավայրի հատակագիծը վերականգնելու համար։ Փողոցները կազմում էին կանոնավոր ցանց, որը քաղաքը բաժանում էր բնակելի թաղամասերի։

Նախնական տվյալներով, բնակավայրն առաջացել է մ.թ. մոտ 80 թվականին՝ զինվորական կայազորի հարևանությամբ։ Հետազոտողները հայտնաբերել են մոտ 640 մետաղադրամ, ինչպես նաև մեծ գերեզմանոց՝ գերեզմաններով ու թաղման կառույցներով, որոնցից մի քանիսը կարող են վկայել ունևոր մարդկանց հուղարկավորությունների մասին։

Գիտնականները ենթադրում են, որ քաղաքը կարող էր լքված լինել մ.թ. մոտ 180 թվականին, երբ Մարկոս Ավրելիոս կայսեր մահից հետո նրա որդին՝ Կոմմոդոսը, հաշտություն կնքեց գերմանական ցեղերի հետ, և Հռոմեական կայսրությունը վերանայեց Դանուբի պաշտպանական համակարգը։ Զորքերը կենտրոնացվեցին պաշտպանության համար առավել հարմար Լավրիակումում՝ ներկայիս Էնսի տեղում։ Հավանաբար, նոր հայտնաբերված բնակավայրի բնակիչները տեղափոխվել են այնտեղ. դրա մասին է վկայում հայտնաբերված բրոնզաձուլման գործիքների և հագուստի ճարմանդների նմանությունը։

Կա նաև վարկած, որ հայտնաբերված քաղաքը Կլավդիվիումն է, որը հիշատակել է անտիկ աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը։

Պտղոմեոսի նշած կոորդինատներն ու հյուսիսից Դանուբ թափվող գետի նկարագրությունը համապատասխանում են հայտնաբերված քաղաքի տեղադրությանը։ Բացի այդ, Կլավդիվիումի անունը պատմական աղբյուրներից անհետանում է մոտավորապես այն ժամանակ, երբ բնակավայրը լքվել է։

Սակայն այս վարկածը հաստատել առայժմ հնարավոր չէ. հնագետները չեն գտել քաղաքի անունը կրող արձանագրություններ։ Հետազոտողներն ընդգծում են, որ երկրաֆիզիկական աշխատանքները միայն հնարավորություններ են բացում հուշարձանի հետագա ուսումնասիրության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *