ԱՄՆ ֆոնդային ինդեքսները ուրբաթ նվազել են տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերի անկման ֆոնին, ինչը պայմանավորված էր արհեստական բանականության զարգացման ուղղությամբ նրանց հսկայական ծախսերի վերաբերյալ ներդրողների մտահոգությունների աճով։
Վերջին հինգ աշխատանքային օրերի ընթացքում S&P 500-ը կորցրել է 0,6%, իսկ Nasdaq-ը՝ 2%։ Արդյունքում երկու ինդեքսներն էլ երրորդ շաբաթն անընդմեջ փակվել են «մինուսով», ինչը չէր գրանցվել մարտից ի վեր։ Dow Jones-ը նվազել է 0,9%-ով։
Հոկտեմբերին S&P 500-ը նվազել է 0,9%-ով՝ գրանցելով հունիսից ի վեր ամենամեծ ամսական անկումը, Nasdaq-ը նվազել է 5,3%-ով, մինչդեռ Dow Jones-ն աճել է 1,7%-ով։
Ուրբաթ շուկայի վրա բացասաբար են ազդել տեխնոլոգիական հսկաների հայտարարությունները. Amazon.com Inc.-ն հասկացրել է, որ արհեստական բանականության ոլորտում իր լայնածավալ ներդրումները դեռ հեռու են ավարտից, իսկ Intel Corp.-ը նախազգուշացրել է ընթացիկ տարում զգալի ծախսերի մասին։
Ներդրողներին մտահոգում է այն, որ տեխնոլոգիական հսկաները միլիարդավոր դոլարներ են ներդնում արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման մեջ՝ միաժամանակ չներկայացնելով համոզիչ ապացույցներ, որ այդ ներդրումները զգալի հատույց կապահովեն։ Մի շարք ընկերություններ կապիտալ ծախսերը ֆինանսավորելու համար դիմել են պարտատոմսերի թողարկման։ Սա խորացրել է մտավախությունները, որ փոխառությունների արժեքի աճին զուգընթաց պարտքային պարտավորությունների հաշվին ֆինանսավորվող ծախսերն արդարացնելն ավելի ու ավելի դժվար կլինի։
Intel-ի բաժնետոմսերի գնանշումները կտրուկ նվազել են 28,6%-ով։ Ընկերության հասույթը հուլիս-սեպտեմբերին ցածր է եղել փորձագետների ակնկալիքներից։ Բացի այդ, համակարգչային բաղադրիչների համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։
Amazon-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում նվազել է 2,4%-ով, ընդ որում՝ թե՛ շահույթը, թե՛ հասույթը ցածր են եղել համախոհական կանխատեսումներից։ Ընկերության կապիտալ ծախսերն ավելի քան կրկնապատկվել են և զգալիորեն գերազանցել սպասումները, միաժամանակ Amazon-ը հայտարարել է 2027 թվականին դրանց հետագա ավելացման մասին։ Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 1,4%-ով։
Նվազել է նաև չիպ արտադրող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը. Nvidia Corp.-ինը՝ 4,2%-ով, Advanced Micro Devices-ինը՝ 10,9%-ով, Qualcomm Inc.-ինը՝ 11,1%-ով։ Սերվերներ արտադրող Dell և HP ընկերությունների բաժնետոմսերն էժանացել են համապատասխանաբար 10,8%-ով և 9,6%-ով։
Microsoft Corp.-ի բաժնետոմսերն էժանացել են 1,6%-ով՝ այն լուրի ֆոնին, որ ծրագրային ապահովում մշակող ընկերությունը շուրջ 25 մլրդ դոլար է ներգրավում 2-ից 40 տարի շրջանառության ժամկետով պարտատոմսերի՝ տասը տրանշով տեղաբաշխման միջոցով։
Շարունակվել է Alphabet Inc.-ի բաժնետոմսերի գնանշումների անկումը, որը պայմանավորված էր Google-ի թույլ արդյունքներով։ Հինգշաբթի 12,6%-ով անկումից հետո դրանք նվազել են ևս 1,4%-ով։
Reddit սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է ավելի քան 29%-ով։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանը նախազգուշացրել է, որ չորրորդ եռամսյակում օրական եզակի ակտիվ օգտատերերի թիվը կարող է նվազել ավելի քան 10%-ով։
Եռամսյակային հաշվետվությունների հրապարակումից հետո ԱՄՆ-ի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի օպերատոր Coinbase Global-ի բաժնետոմսերը կորցրել են արժեքի 10,6%-ը, իսկ տեսախաղերի առցանց հարթակի սեփականատեր Roblox-ինը՝ 18%-ը։
Մինչդեռ Mondelez International-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 3,9%-ով։ Թեթև նախուտեստների և հրուշակեղենի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը երրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 1,8 անգամ, ընդ որում՝ ճշգրտված ցուցանիշը գերազանցել է կանխատեսումը։
Նավթ արդյունահանող Chevron Corp. և Exxon Mobil ընկերությունների բաժնետոմսերը թանկացել են համապատասխանաբար 1,8%-ով և 2,2%-ով՝ նախորդ եռամսյակի բարձր ցուցանիշների շնորհիվ։
Dow Jones Industrial Average ինդեքսն ուրբաթ նվազել է 572,25 կետով (1,09%-ով) և կազմել 51770,31 կետ։
Standard & Poor’s 500-ի արժեքը առևտրային նստաշրջանի արդյունքներով նվազել է 140,32 կետով (1,82%-ով)՝ հասնելով 7580,07 կետի։
Nasdaq Composite ինդեքսը նվազել է 747,73 կետով (2,86%-ով) և նստաշրջանն ավարտել 25437 կետի մակարդակում։