ՀՀ-ն սկսել է ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի կառավարությունն արդեն իսկ գործնական քայլեր է ձեռնարկում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ժամանակ չկորցնելու նպատակով պետությունն իր նախաձեռնությամբ առաջինն է պատվիրելու անհրաժեշտ նախագծային աշխատանքները:

«Մինչև հետագա գործընթացների կազմակերպումը, ՀՀ կառավարությունն իր նախաձեռնությամբ կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման պատվիրման հարցը: Այն պահից, երբ կձևավորվի «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը», կատարված ողջ աշխատանքը կառավարությունն ուղղակիորեն փոխանցելու է ընկերությանը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ծրագրի իրագործմամբ Հայաստանը հաղթահարում է ավելի քան 30 տարի տևած տնտեսական ու տրանսպորտային շրջափակումը: Նրա հավաստմամբ՝ երկիրն ապաշրջափակվելու է բոլոր՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով:

«Սա չի նշանակում, թե բոլոր ենթակառուցվածքները հանդիսանալու են ԹՐԻՓՓ-ի մաս: Նախագծի կազմում ընդգրկված են լինելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ավտոճանապարհը և էլեկտրահաղորդման գծերը: Ինչ վերաբերում է գազամուղի և նավթամուղի թեմաներին, դրանք ավելի ուշ քննարկման առարկա կդառնան»,- պարզաբանեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *