
Հոկտեմբերի 21-ին, ժամը 17։10-ի սահմաններում ՆԳՆ է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա մի կին և հայտնել, որ Դավթաշեն թաղամասի բնակարաններից մեկում 2016 թվականից մինչ օրս բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից։ Նա նաև հայտնել է, որ նրանք աղջիկներ են վարձել, որպեսզի իր 42-ամյա ամուսնու հեռախոսահամարին զանգահարեն ու նամակներ գրեն, իր հեռախոսահամարը փոխանցել են տղաների, որպեսզի վերջիններս իրեն զանգահարեն, իր մասին տարբեր պիղծ տեղեկություններ են տարածել, ինչպես նաև տարածել են իր անչափահաս երեխայի տեսանյութը՝ վրան գրելով իրենց վարկաբեկող նյութ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ահազանգող կնոջ ամուսնու՝ Ռուսաստանի Դաշնության բնակիչ 62-ամյա մայրը, 69-ամյա ամուսնու միջոցով, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, հեռախոսազանգով, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևանում գործող հասարակական գրասենյակում իրենից պահանջել է նախ 3 հազար, այնուհետև 6 հազար դոլար՝ սպառնալով, որ չվճարելու դեպքում կտարածի արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակում։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 21-ին, վերջինս «Facebook» սոցիալական ցանցում կատարել է իր արժանապատվությունը արատավորող հրապարակում։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին»։