2027 թվականի պետբյուջե․ կենսաթոշակային ապահովման ծախսերը գերազանցելու են պաշտպանական բյուջեն

2027 թվականի Հայաստանի պետական բյուջեի ծախսային ամենախոշոր ուղղություններից մեկը լինելու է կենսաթոշակային ապահովումը: Այս մասին նշված է գալիք տարվա պետբյուջեի նախագծում:

Կենսաթոշակային ապահովման նպատակով նախատեսվում է հատկացնել շուրջ 674 միլիարդ դրամ, ինչը մոտ 60 միլիարդ դրամով գերազանցում է պաշտպանական ծախսերի համար նախատեսված 613.8 միլիարդ դրամը:

Ըստ նախագծի՝ Պաշտպանության նախարարության ընդհանուր բյուջեն կկազմի 616.5 միլիարդ դրամ, որից․

  • 613.8 միլիարդ դրամը կուղղվի «ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում և արտաքին թշնամուց պետական սահմանների պաշտպանություն» ծրագրին:
  • Ավելի քան 1 միլիարդ դրամ կհատկացվի ռազմաբժշկական սպասարկմանն ու բժշկական ծառայություններին:

Անդրադառնալով բյուջետային ցուցանիշների դինամիկային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է եկամուտների և կապիտալ ծախսերի էական աճը․

  • Եկամտային մաս․ 2017 թվականի համեմատ աճը կազմում է 191 տոկոս (եռապատկվում է), իսկ 2021 թվականի համեմատ՝ 114 տոկոս (շուրջ 2.1 անգամ)։
  • Կապիտալ ծախսեր․ 2017 թվականի համեմատ նախատեսված է 3.2 անգամ աճ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 3.5 անգամ։
  • Կրթություն․ 2017 թվականի համեմատ աճը պլանավորված է 181 տոկոս (2.8 անգամ), իսկ 2021 թվականի համեմատ՝ 2.3 անգամ։
  • Գիտություն․ 2017 թվականի համեմատ ծախսերն ավելանում են 2.7 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 2.5 անգամ։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բյուջեի ընդլայնմանը զուգահեռ մեծանում են նաև հասարակության ակնկալիքները․

«Ինչքան բարձր է երկրում բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հայաստանի պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բնակիչների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *