Նոյեմբերի 1-ի երեկոյան անհայտ անձինք կոտրել են Ուկրաինայում գործող «Օդային տագնապ» պաշտոնական հավելվածն ու օգտատերերին նախազգուշացումներ ուղարկել ճառագայթային և քիմիական վտանգի, ինչպես նաև Կիևում փողոցային մարտերի սպառնալիքի մասին։ Հաղորդագրություններից մեկը ռուսերեն էր. «Բարև՛։ Հիմա ամբողջ Ուկրաինայում միջուկային տագնապ է հայտարարվելու։ Մի՛ անհանգստացեք, «Օրեշնիկ» է թռչում»։ Դրանից հետո հավելվածը ժամանակավորապես անհասանելի է դարձել օգտատերերի համար։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հերքել են սպառնալիքների առկայությունն ու հայտնել ծառայության աշխատանքի վրա «թշնամական ներգործության» մասին։ Ապատեղեկատվության հակազդման կենտրոնը կոչ է արել չանցնել կողմնակի հղումներով և չտարածել չստուգված տեղեկություններ։ Հավելվածի մշակողներն ավելի ուշ հայտարարել են, որ վերականգնում են դրա աշխատանքը։
Մի քանի ժամ անց հաքերները «զանգվածային գրոհ» են իրականացրել Ռուսաստանի ԱԻՆ-ի բջջային հավելվածի վրա, հայտնել են գերատեսչությունից։ Նոյեմբերի 2-ի գիշերը օգտատերերը սկսել են փուշ-ծանուցումներ ստանալ երկրի «բոլոր տարածաշրջանների ուղղությամբ արձակված միջուկային մարտագլխիկների» մասին։ Ընդ որում՝ նշվել է, որ մարտագլխիկները թռչում են P1-SUN կրող սարքերով։ Այսպես է կոչվում ուկրաինական SkyFall ընկերության մշակած FPV որսիչ անօդաչու թռչող սարքը, որը նախատեսված է «Շահեդ» տեսակի անօդաչուների և թևավոր հրթիռների դեմ պայքարելու համար։ Բնակիչներին կոչ են արել երեք շաբաթվա սննդի պաշար հավաքել և պատսպարվել նկուղներում։
Այնուհետև նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրություններ են սկսել տարածել ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունների ալիքները պետական Max մեսենջերում՝ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Տյումենի և այլ մարզերում։ Նմանատիպ նախազգուշացում է հրապարակվել նաև Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբի տելեգրամյան ալիքում։ ԱԻՆ-ից հայտարարել են, որ աշխատանքներ են տարվում «բջջային հավելվածի խոցելիությունը վերացնելու և դրա բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»։
«Իրավիճակը վերահսկողության տակ է։ Խնդրում ենք բնակչությանը պահպանել հանգստություն և վստահել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական օգտահաշիվներին», — նշել են գերատեսչությունում։