Ես հուսով եմ, որ գործը ճնշումներին չի հասնի, ու մեր ընդդիմադիր գործընկերներն այն հարցադրումները, որ հիմա հնչեցնում են, պատասխանները ստանալուց հետո կբավարարվեն դրանցով․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
«Ու եթե այդքան վստահ են, որ (նոր-Խմբ․) Սահմանադրությունն Ադրբեջանի պարտադրածն է, որ դա հայկական օրակարգից չի բխում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեմ են քվեարկելու դրան, ի վերջո շանս կտան, որպեսզի գնանք և մեր քաղաքացիներից հարցնենք, թե ի՞նչ դիրքորոշում ունեն Սահմանադրության հետ կապված, գնանք սահմանադրական հանրաքվեի, այնտեղ ժողովուրդն իր կամքը կարտահայտի։ Հետևաբար՝ ժամկետների և ճնշման ձևերի մասին վաղաժամ է, կարծում եմ, խոսելը։ Հուսով եմ, որ մեր գործընկերները դրան չեն հասցնի»,– ասաց ՔՊ պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հարցով ընդդիմությանը կձևակերպվի այնպիսի առաջարկ, որից վերջինս պարզապես չի կարողանա հրաժարվել։ Իսկ այսօր էլ նա ասել է, որ «իշխանությունը պետք է առաջնորդի ընդդիմության դեմ հանրային ճնշումը»։