Թրամփն Իրանի դեմ գործողության ձախողման մեղքը կարող է բարդել Պենտագոնի ղեկավարի վրա․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ նոր ռազմական գործողության ձախողման դեպքում կարող է մեղքը բարդել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի վրա։ Այս մասին հայտնել է The Atlantic պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ գործողության մեկնարկը սպասվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Վարչակազմում չընդգրկված, սակայն Թրամփին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահը մտածում է, թե ում վրա բարդի Իրանի հետ պատերազմն ավարտելու անկարողության մեղքը։ Դեռևս փետրվարին՝ հակամարտության մեկնարկից առաջ, խորհրդականները նրան սխալմամբ վստահեցրել էին, որ պատերազմը կավարտվի միջանկյալ ընտրություններից շատ առաջ։

Աղբյուրները նշել են, որ «քավության նոխազ» կարող են դառնալ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Նրանց պնդմամբ՝ Հեգսեթը Սպիտակ տանը մեծ համակրանք չի վայելում․ նա չափազանց լավատեսական գնահատականներ էր տալիս՝ Թրամփին հաճոյանալու համար։ «Հեգսեթը կարողանում է նախագահին ասել այն, ինչ նա ուզում է լսել», — ասել է պարբերականի զրուցակիցը։

Այս առնչությամբ պարբերականը նշում է, որ գեներալ Քեյնի աշխատակազմը, ըստ երևույթին, տեղյակ չի եղել ԱՄՆ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիային պաշտոնից ազատելու մասին վերջերս ընդունված որոշմանը։ Սկզբում աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Սիլվիային տասնամյակների ծառայության համար, իսկ մի քանի ժամ անց հայտնել է, որ նախորդ հայտարարությունը «լիովին չէր արտացոլում գործի բոլոր հանգամանքները»։

Գեներալին մեղադրել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու լրագրողների՝ Ուկրաինայի և Իրանի մասին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *