Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ և պատրաստ է համագործակցել՝ տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաղայինը, որի խոսքերը մեջբերում է Al Jazeera-ն, միաժամանակ ընդգծել է, որ Թեհրանը չի կարող անարձագանք թողնել այն դեպքերը, երբ տարածաշրջանի երկրների տարածքն օգտագործվում է Իրանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը սպառնալու համար։
Նա քննադատել է Պարսից ծոցի որոշ երկրների՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայության վրա հույս դնելու և Վաշինգտոնի հետ համագործակցելու համար՝ նշելով, որ հարևան պետությունները չպետք է թույլ տան իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Բաղայինը հայտարարել է, որ այն չի բացվի, քանի դեռ Իրանի դեմ շրջափակումը չի վերացվել, և Թեհրանի պահանջները չեն կատարվել։ Նրա խոսքով՝ դիվանագիտական գործընթացը շարունակվում է, իսկ բանակցությունների հիմքում Իրանի յոթ կետից բաղկացած առաջարկն է։