Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) հասկանալի և նպատակահարմար կլիներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Վեդոմոստի» թերթի հարցին։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել, սակայն այդ հարցը կարող է քննարկվել Ղազախստանի հետ շփումների ընթացքում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, ապա գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք շրջաններ, որոնց ժողովուրդները պատմականորեն ծագումով թյուրքական են», – ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ խոսքը պետք է լինի կազմակերպության աշխատանքներին Ռուսաստանի Դաշնության՝ որպես ամբողջության, այլ ոչ թե առանձին տարածաշրջանների միանալու մասին։
Հոկտեմբերի 30-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել միավորման կազմում։