
Կանարյան կղզիների ափերի մոտ մահացել է առնվազն յոթ միգրանտ
Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, Իսպանիայի Կանարյան կղզիների ափերի մոտ մահացել է առնվազն յոթ միգրանտ, փրկվել է ավելի քան 300-ը։
Այս մասին հայտնել են ծովային փրկարարական ծառայությունները։
Ափային պահպանությունը, ըստ տեղեկությունների, փրկել է 132 մարդու Լանսարոտե կղզուց մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավակից։ Նավի վրա հայտնաբերվել են նաև երկու մահացած միգրանտների մարմիններ։
Ըստ իշխանությունների՝ ևս հինգ մարդ մահացել է անցման ժամանակ, և նրանց մարմինները կլանել է ծովը։
Այդ օրը ավելի վաղ փրկարարական նավակները Լանսարոտեի և Էլ Հիերո կղզու ափերից տարհանել են ևս 250 միգրանտի։
Կանարյան կղզիների նախագահ Ֆեռնանդո Կլավիխոն հայտարարել է, որ ամենավատ սցենարն իրականանում է։
«Ատլանտյան ճանապարհը կրկին կյանքեր է խլում, այս անգամ Լանսարոտեի ափերի մոտ։ Յուրաքանչյուրի հետևում կյանք է, պատմություն և ընտանիք», – հավելել է նա։