Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ–ի շուրջ վերջին պայմանավորվածությունները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Նոյեմբերի 2-ին դեսպան Հակոբյանը դեսպանությունում ընդունել է բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին ու Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությունն ու գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերը։

«Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրությունում։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում դեսպանը ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *