«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հարցեր է ուղղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։
Ղազարյանին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե տարեկան որքան գումար է ծախսվում Կոնդի կառավարական առանձնատների պահպանման և վարչապետի կենցաղի ապահովման համար։
«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բնակվում է Կոնդի ամառանոցներում և պարբերաբար ներկայացնում իր առօրյան, ինչից կարելի է ենթադրել, որ բավական համեստ կյանքով է ապրում՝ կուկուռուզ, պեռաշկի, թթու լավաշ։ Կասե՞ք՝ Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան որքան գումար է ծախսվում, որ իմանանք՝ ինչ արժե վարչապետի մեկ օրվա կյանքը»,- հարցրեց պատգամավորը։
Նա նաև հետաքրքրվեց վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված «Վարչաբենդ» համույթի ֆինանսավորմամբ՝ հարցնելով, թե արդյոք դրա անդամները պետական բյուջեից հոնորարներ են ստացել։ Ղազարյանին հատկապես հետաքրքրում էր համույթի թմբկահարի վարձատրության չափը։
Պատգամավորը հարց բարձրացրեց նաև Փաշինյանի նախաձեռնած հեծանվային մարաթոնի ծախսերի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հիշատակեց մամուլի հրապարակումը, ըստ որի՝ միջոցառման երկօրյա կազմակերպման համար ծախսվել է 5 մլն դրամ։
«30 մարդը երկու օրում 5 մլն դրամի ի՞նչ է կերել»,- հարցրեց Ղազարյանը։
Անդրադառնալով բյուջեի նախագծով նախատեսված տոնական միջոցառումների ֆինանսավորմանը՝ պատգամավորը նկատեց, որ վարչապետի աշխատակազմի ծախսերում ներառված են միայն «Քաղաքացու օր» և «Մեր ժամանակների հերոսը» նախագծերը։ Նրա խոսքով՝ վերջինս պետական տոնացույցում ներառված տոն չէ, մինչդեռ նախագծում նախատեսված չեն Անկախության, Առաջին Հանրապետության, Շուշիի ազատագրման, Երկրապահի և Հաղթանակի տոների միջոցառումները։
Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը պարզաբանեց, որ բյուջեի նախագծում ներառված են միայն այն միջոցառումները, որոնք կազմակերպելու է վարչապետի աշխատակազմը։ Մյուս տոների կազմակերպման պատասխանատվությունը, նրա խոսքով, վերապահված է համապատասխան գերատեսչություններին, այդ թվում՝ նախագահականին և ԿԳՄՍ նախարարությանը։
Ինչ վերաբերում է մյուս հարցերին, որոնք մանրամասն տեղեկատվություն են պահանջում, Մակունցը Ղազարյանին առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։