ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, արգելքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը։

Մասնավորապես, արգելքը գործում է՝

  • ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարի արտահանման դեպքում,
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ անկախ գումարի չափից, բացառությամբ հրամանագրով սահմանված դեպքերի։

ՊԵԿ-ը հորդորել է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։

Սահմանափակումները նախատեսված են ՌԴ նախագահի 2026 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 706 հրամանագրով, որն ուժի մեջ է մտել ստորագրման օրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *